Հանրապետության բոլոր դպրոցներում մեկնարկել են «Օրինապահ հետիոտն» թեմայով միջոցառումները
Աշակերտների առօրյան ավելի անվտանգ դարձնելու, նրանց շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով հանրապետության բոլոր դպրոցներում սեպտեմբերի 6-ից 29-ը կանցկացվեն «Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցներ:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Երևանի թիվ 197 հիմնական դպրոցում: Աշակերտների հետ ճանապարհային երթևեկության կանոնների և հակահասարակական արարքների վտանգների մասին զրույցներ ունեցան ՀՀ ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը, ոստիկանության տարածքային ստորաբաժանման և պարեկային ծառայության ներկայացուցիչները:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, ինչը վկայում էին երեխաների անվերջ հարցերն ու հետաքրքրությունը ոստիկանի աշխատանքի վերաբերյալ:
Դպրոցի ուսուցչական կազմը ևս բավական դրական գնահատեց ոստիկանության այս նախաձեռնությունը և նման միջոցառումների շարունակականության հույս հայտնեց:
Նման միջոցառումները մեծապես նպաստում են ոստիկան-աշակերտ սերտ կապին, վաղվա օրինապահ քաղաքացու ձևավորման գործին: