Նոր կազմավորվող պարեկային ծառայության դիմորդները ֆիզիկական պատրաստականության ստուգումներ են անցնում
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ նոր ձևավորվող պարեկային ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիների ստուգման երկրորդ փուլը: Մինչ ոստիկանության կրթահամալիրում հինգամսյա տևողությամբ ուսուցման ծրագրին մասնակցելը, անհրաժեշտ է ստուգել դիմորդների ֆիզիկական տվյալները: Կարևորվում է ուժը, արագությունն ու դիմացկունությունը: Այդ որակները ստուգվում են երեք մարզական վարժություններով՝ ձգում պտտաձողին, կանայք և աղջիկները ձգումների փոխարեն ուժային համալիր վարժություններ են կատարում, նաև 100 և 1000 մետր վազք:
«Այս պահին ոստիկանության կրթահամալիրում ընթանում է նոր ձևավորվող պարեկային ծառայության համար, պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության ստուգումների երկրորդ փուլը, այն է` ֆիզիկական պատրաստականության ստուգում: Դրան նախորդել է առաջին փուլը` համակարգչային թեստավորումը, որով ստուգվում էր դիմորդների մասնագիտական պիտանելիությունը ոստիկանությունում աշխատելու համար: Իսկ այս փուլին հաջորդելու է հարցազրույցը՝ հոգեբանի ներգրավմամբ»,-ստուգման գործընթացը մեկնաբանեց ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ Միսակ Մարկոսյանը:
Ընդունելության մասնակիցները ստուգման այս փուլում, սահմանված ժամանակում, պետք է հաղթահարեին 1000 մետրը:
Պարեկային ծառայությունը արտաքին ծառայության այն ստորաբաժանումն է, որն ամենից շատն է շփվում քաղաքացիների հետ: Նրանք հաճախ հանցագործին բռնում են հենց հանցանքի պահին: Մասնագիտության բնույթն ու գործառնական պարտականությունների պատշաճ կատարումը պահանջում են լինել ֆիզիկապես պատրաստված:
Ֆիզպատրաստականության ստուգման գործընթացին հետևում էին ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը և կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը:
Արա Ֆիդանյանը համոզված էր, որ առաջիկայում դիմորդների թիվը կավելանա. «Ունենալու ենք նոր տեսակի ոստիկանություն, ինչը հասարակության մեջ փոխելու է ձևավորված կարծրատիպերը: Ոստիկանության նոր կերպար ենք ունենալու, սրանով էլ պայմանավորված կլինի նաև նոր դիմորդների քանակական աճ: Բացի այդ` տեսնելով, թե դիմորդներն ինչ պատրաստականություն են անցնում և, հետագայում պարեկային ծառայող դառնալով, ինչ սոցիալական ապահովվածության երաշխիքներ ունեն, վստահ եմ, որ դիմորդների քանակը հետզհետե կավելանա»,-ասաց ոստիկանության պետի տեղակալը:
«Նոր պարեկային ծառայությունից ակնկալիքները մեծ են,- ավելացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը,-որովհետև սրանով ոստիկանության ծառայության նոր որակ և նշաձող ենք սահմանում: Որպես արտաքին ծառայություն, էականորեն ընդլայնված են այս ծառայության գործառույթները: Այդ գործառույթների իրականացման մեթոդաբանությունը, դրանց տակտիկաները, քաղաքացիակենտրոն, իրավունքահենք բնույթը, պրոֆեսիոնալիզմն այն կարևոր չափանիշներն են, որոնց ապահովմամբ պետք է ծառայությունը հաջողի»:
Ոստիկանը պետք է ֆիզիապես ուժեղ լինի, որպեսզի օրենքով սահմանված դեպքերում, այն է` իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում կարողանա գործադրել ֆիզիկական ուժ:
Հաջողություն մաղթենք մեր ապագա պարեկայիններին: Չէ՞ որ ֆիզիկապես ուժեղ, իր գործառութային պարտականությունները հստակ գիտակցող ու պարտաճանաչ ոստիկանն է մեր անվտանգության երաշխավորը: