Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել. բեռնատարների ու էքսկավատորի վարորդները ներկայացվել են նախաքննական մարմին
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի Ապագա գյուղի վարչական տարածքում իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի ապօրինի դուրս բերում՝ վերամշակում, տեսակավորում և արդյունահանում:
Տեղեկությունը ստուգելու նպատակով մարտի 17-ին նշված տարածք մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են խառնուրդով բեռնված և առանց բեռի բեռնատարներ, ինչպես նաև թրթուրավոր էքսկավատոր:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ՍՊ ընկերությունը տևական ժամանակ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ խարնուրդները տեղափոխում է Ապագա բնակավայրի վարչական տարածքում գտնվող ավազի լվացման կետ, որտեղից էլ իրացնում դրանք, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Վարորդները ձերբակալվել, տեղափոխվել են Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
