Տեղի է ունեցել Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 51-րդ համաժողովը
Հունիսի 11-ից 13ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 51-րդ համաժողովը, որին մասնակցել են կազմակերպության 54 անդամ երկրներից շուրջ 160 բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, դիտորդներ:
Ողջունելով ներկաներին՝ Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին նշել է, որ Եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսը հնարավորություն է տալիս անդամ երկրներին ներգրավվել արդյունավետ երկխոսության մեջ, կիսվել փորձով և զարգացնել համագործակցային ռազմավարությունները:
Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքն իր խոսքում նշել է, որ Եվրոպայի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկումների շրջանակում ավելի լավ են պատկերացնում Եվրոպային սպառնացող հանցավոր սպառնալիքներն ու դրանց դեմ պայքարի միջոցները:
Քննարկվել են Եվրոպական տարածաշրջանում հանցավորության արդի սպառնալիքների, տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված Ինտերպոլի հնարավորությունների ու դրանց խթանման վերաբերյալ հարցեր, ներկայացվել են Ինտերպոլի կողմից իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը: