Եղեգնաձորի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 6-ի ժամը 17-ից փետրվարի 7-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում Ագարակաձոր գյուղի փողոցներից գողացել են համայնքին պատկանող ցինկե խողովակներ և կիսախողովակներ:
Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Մալիշկա գյուղի 66-ամյա բնակիչը և իրեն պատկանող «ՋԱՔ» բեռնատարով տեղափոխել իր բնակության հասցե։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նույն ժամանակահատվածում Գետափ գյուղի բնակիչ 21-ամյա երիտասարդը Ագարակաձորի բնակիչներից մեկի հողամասից գողացել է 3 ցինկե խողովակ և վաճառել Մալիշկայի 66-ամյա բնակչին:
66-ամյա և 21-ամյա տղամարդիկ հրավիրվել են Եղեգնաձորի բաժին և խոստովանել իրենց արարքը:
Բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
