Հաագայում տեղի է ունեցել Ակտիվների վերադարձի հարցերով հանդիպում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը Հաագայում մասնակցել է Ակտիվների վերադարձի հարցերով CARIN ցանցի՝ Գլխավոր ասամբլեայի ամենամյա հանդիպմանը: Մասնակցում էին CARIN ցանցի անդամ երկրների կապի սպաները, ցանցի քարտուղարության, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ տարածաշրջանների՝ Ակտիվների վերադարձի հարցերով միջազգային ցանցերի անդամ երկրների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը քննարկվել են հանցավոր ակտիվների հայտնաբերմանը, առգրավմանը, բռնագանձմանն ու սառեցմանն առնչվող հարցեր: Մասնակիցները ներկայացրել են այդ ոլորտում իրենց երկրներում իրականացվող գործընթացները:
Մասնակիցների համար կազմակերպվել են նաև խմբային գործնական քննարկումներ, որոնց ընթացքում երկրների ներկայացուցիչներն իրենց առաջադրված խնդիրների համար ներկայացրել են համապատասխան լուծումներ՝ ըստ երկրներում գործող օրենսդրության և իրավական կարգավորումների:
Հանդիպման ավարտին որոշվել է միջազգային հանցավորության դեմ արդյունավետ պայքար իրականացնելու նպատակով ակտիվացնել հանցավոր ակտիվների վերադարձի շրջանակում անդամ երկրների համագործակցությունը:
