Ամփոփ տեղեկատվություն ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թվականի 9 ամիսների ընթացքում օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին
2014 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։
2014 թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 2,2%-ով կամ 302 դեպքով (2013 թ. 9 ամիս` 13474, 2014թ. 9 ամիս` 13776), ինչը հիմնականում պայմանավորված է ծեծի, գողությունների, այդ թվում` բնակարանային գողությունների թվի աճով:
Հարկ է նշել, որ նշված ժամանակահատվածում նկատվում է հանցագործությունների աճի տեմպերի նվազման կայուն միտում (2013թ. 9 ամիս աճը՝ 15,0%, 2014թ. 9 ամիս աճը՝ 2,2%):
Հաշվետու ժամանակահատվածում նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1029-981), թրաֆիքինգի (12-8), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (98-79), ավազակության (53-51), տրանսպորտային միջոց փախցնելու (38-36), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (710-615), այդ թվում՝ մահվան ելքով (155-144) դեպքերը:
Միևնույն ժամանակ, հանցագործությունները հիմնականում աճել են բնակարանային գողության (959-1189), յուրացման կամ վատնման (158-188), կողոպուտի (156-178) և խարդախության (584-711) դեպքերով:
Հայտնաբերվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 424 դեպք, ինչը 3,4%-ով ավել է, քան նախորդ տարում (410): Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2014թ. 9 ամիսների ընթացքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 796 միավոր հրազեն (662):
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում, հանրապետությունում 2014թ. 9 ամիսների ընթացքում 3,6%-ով նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (8252-7958)։
Որպես դրական միտում պետք է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում 41-ով կամ 9,9%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (412-371): 19 դեպքով նվազել է ինչպես անչափահասների կողմից (298-ից 279), այնպես էլ 16-ով կամ 32,0%-ով` վերջիններիս մասնակցությամբ խմբերում կատարված հանցագործությունների թիվը (50-34):
Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքներին, պետք է նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում 3,2%-ով նվազել է վերջինիս բացահայտման արդյունավետությունը (82,0%-ից 78,8%):
Միևնույն ժամանակ, 5,2%-ով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը (80,8%-ից 86,0%):
Ըստ առանձին հանցատեսակների, 2013թ. 9 ամիսների համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանություններով (76,5%-ից 81,0%), ճանապարհային երթևեկության կանոնների խախտման (94,6%-ից 97,2%), այդ թվում մահվան ելքով (93,5%-ից 97,9%), զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության (80,0%-ից 92,6%), պետական գույքի՝ յուրացման կամ վատնման (93,0%-ից 100%) և տրանսպորտային միջոց փախցնելու (73,7%-ից 94,4%) դեպքերով:
Միևնույն ժամանակ, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը հիմնականում նվազել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (94,3%-ից 92,2%), խուլիգանության (93,7%-ից 92,0%), անձնական գույքի գողության (55,4%-ից 48,8%) և խարդախության (96,7%-ից 90,2%):
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 113 դեպքով կամ 89,0%-ով (127-240):
Անդրադառնալով լատենտային հանցատեսակներին հարկ է նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է 81-ով կամ 9,7%-ով (831-750), թմրամիջոցների իրացման հայտնաբերումը՝ 33-ով կամ 7,8%-ով (421-388), իսկ բացահայտման արդյունավետությունը նվազել է 7,5%-ով (81,5%-ից 74,0%):
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 2 դեպքով կամ 0,3%-ով (692-694):
2014թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք, որոնցից 7-ը կանանց պոռնկության շահագործման (ընդ որում 1-ը` անչափահասի), 1-ը` աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր են:
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող և հետախուզվող 1324 անձ:
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական, ինչպես նաև Ինտերպոլի ԱԿԲ-ն իրենց առջև դրված խնդիրներն իրականացրել են լիարժեքորեն և ամբողջ ծավալով, նկատելի ներդրում են ունեցել հանցագործությունների բացահայտման, քննությունից և դատից խուսափող անձանց հետախուզման աշխատանքներում:
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման ոլորտում ընդգրկված ծառայությունները պատշաճ կերպով կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Վերջիններիս կողմից ապահովվել է հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն բազմաթիվ քաղաքական և հասարակական զանգվածային միջոցառումների ընթացքում:
Պետական պահպանության գլխավոր վարչությունը զգալի աշխատանք է իրականացրել պետական և կարևորագույն օբյեկտների պահպանության հուսալիության ամրապնդման ուղղությամբ: 2014թ. 9 ամիսների ընթացքում ՊՊԳՎ ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվել է 3784 օբյեկտների պահպանություն, որոնցից 261-ը քաղաքացիներին պատկանող բնակարաններ են:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից զգալի կազմակերպչական և կանխարգելիչ աշխատանքներ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ: 2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ տարածքում շահագործվել է 173 լուսանկարահանող արագաչափ սարք, որից 84-ը` Երևան քաղաքում: Տեսանկարահանող սարքերով վերահսկվել է Երևան քաղաքի թվով 90 խաչմերուկի երթևեկությունը:
Անդրադառնալով անձնագրային և վիզաների վարչության ծառայությանը, պետք է նշել, որ 2014 թվականի 9 ամիսների ընթացքում վերջինիս ծառայողական գործունեությունը շարունակել է միտված լինել համակարգի բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Շարունակելով ինքնամաքրման աշխատանքները՝ ՀՀ ոստիկանությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունում կարգապահական տույժի է ենթարկվել 600 ծառայող: Հարուցվել է 34 քրեական գործ, որի արդյունքում դատապարտվել է 4 ծառայող:
ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունները հաշվետու ժամանակահատվածում ձեռնարկել են կազմակերպչական բազմաբնույթ միջոցառումներ համակարգն արդի պահանջներին համապատասխան վերակառուցելու, բարեփոխումների ծրագրի իրականացումը հաջողությամբ շարունակելու, ոստիկանության մարմինների գործունեության իրավական դաշտը կանոնակարգելու, պետական միջոցների կառավարման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ֆինանսական և նյութատեխնիկական ապահովման, կադրերի հետ տարվող աշխատանքները և ուսուցման գործընթացը կատարելագործելու, անձնակազմի մասնագիտական և ֆիզիկական պատրաստականության, ինչպես նաև առողջական և սոցիալական վիճակը բարելավելու, հասարակայնության հետ կապն ամրապնդելու, ոստիկանության ստորաբաժանումների գործունեությունը հանրությանը ներկայացնելու, կատարված աշխատանքները օպերատիվորեն, օբյեկտիվ, բաց և թափանցիկ, լուսաբանելու, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։