2020 թվականի առաջին կիսամյակի ամփոփիչ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում
Հուլիսի 31-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ծառայությունների և տարածքային մարմինների 2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական արդյունքների ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքի մասին ամփոփիչ ելույթ ունեցավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
2020 թվականի առաջին կիսամյակում ոստիկանությունը ողջ ծավալով կատարել է իր առջև դրված խնդիրները, վերահսկել հանրապետության օպերատիվ իրավիճակը։
Ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ Արամ Հովհաննիսյանը նշեց, որ տարվա առաջին կիսամյակում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 6,1 տոկոսով։ Միաժամանակ, իրականացված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյուքնում՝ հաշվետու ժամանակահատվածում, 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ, նվազել է հանցավորության տեմպը։
Ներկայացվեց առանձին հանցատեսակներով ոստիկանության կատարած աշխատանքը։ Այս առումով բացահայտման արդյունավետության բարելավում կա սպանությունների, մարդկանց թրաֆիքինգի, գողությունների դեպքերով։
Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով անցնող 19750 հանցագործության դեպքերի 54,5 տոկոսում առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ։ Ի դեպ, այս տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 5,7 տոկոսով աճել է բացահայտման տեմպը։
Խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետի տեղակալները և մարզային վարչության պետերը ներկայացրին իրենց համակարգող ոլորտների և տարածքների կատարած աշխատանքը։
Ամփոփիչ ելույթ ունեցավ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Նա նախ շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողներին, որոնք ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և խոսեց կատարված աշխատանքի մասին։
Վահե Ղազարյանը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ։
Ոստիկանության պետը, կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը, քննադատեց ոստիկանության տարածքային որոշ ստորաբաժանումների աշխատանքն այս ուղղությամբ և տվեց կոնկրետ ցուցումներ։
Խոսվեց նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության աշխատանքի մասին։ Ոստիկանության պետն անդրադարձավ առկա բացթողումներին և դրանք շտկելու ուղղությամբ տվեց հանձնարարականներ։
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների, պարեկային ծառայության, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման աշխատանքների, ոստիկանության արտաքին ծառայության, տնտեսական, ֆինանսական և կադրային քաղաքականությանը վերաբերող հարցեր։