Ոստիկանների ուղեկցությամբ անչափահասների հերթական այցը պատմամշակութային վայրեր ու թանգարաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամառային արձակուրդների ընթացքում անչափահասների զբաղվածության խնդրի լուծման նպատակով ոստիկանության մասնագիտացված ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են կազմակերպել ճանաչողական միջոցառումներ՝ այցեր պատմամշակութային վայրեր ու թանգարաններ:
Հուլիսի 11-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի գլխավորությամբ, անչափահասների գործերով մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողների ուղեկցությամբ 35 անչափահասներ եղան Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Եկեղեցու սպասավոր Տեր Պետրոսը հոգևոր զրույց անցկացրեց անչափահասների հետ՝ պարկեշտ վարքի, հոգևոր արժեքների և մարդկային առաքինությունների վերաբերյալ։ Հորդորեց պահպանել Աստվածաշնչյան պատվիրաններն ու զերծ մնալ հակաիրավական արարքներ գործելուց։ Հանդիպման վերջում հոգևոր հայրը անչափահասներին գրպանի աղթագրքեր նվիրեց, իսկ դեռ չմկրտված երխաների համար խոստացավ մկրտության արարողություն կազմակերպել։
Հիշեցնենք, որ անչափահասները օրեր առաջ ոստիկանների հետ այցելել էին նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց ցեղասպանության, Մայր Հայաստան ռազմական թանգարաններ և Էրեբունի-Երևան պատմահնագիտական արգելոց-թանգարան: