ՀՈՒՅՍ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ․ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Արցախյան 44-օրյա պատերազմում ոստիկանությունը լուրջ մասնակցություն ունեցավ։ Ոստիկանության զորքերի ծառայողներն ու տարածքային բաժինների ոստիկանները Արցախի տարբեր շրջաններում մասնակցեցին մարտական գործողությունների։ Ոստիկանությունը տվեց 70 զոհ, անհայտ կորած է համարվում ոստիկանության Աշոցքի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը։
Արմեն Ղազարյանը ծնվել է 1975 թվականին, Աշոցքում։ 1995-2000 թվականներին սովորել է ՆԳՆ բարձրագույն դպրոցում։ 2000 թվականից ոստիկանության համակարգում էր։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ անչափահասների տեսուչ, քրեական հետախուզության օպերլիազոր, ավագ օպերլիազոր, տարածքային տարբեր բաժինների օպերատիվ գծով տեղակալ, ապա ոստիկանության Աշոցքի բաժնի պետ։
Հոկտեմբերի 4-ին Արմեն Ղազարյանը Շուշիի մշակույթի տանն էր։ Խորհրդակցության ժամանակ բեմի վրա էր։ Հենց այդ ժամանակ էլ եղել էր պայթյունը։
Ըստ տեղեկությունների՝ թևից վիրավորված Արմեն Ղազարյանը հասել էր Շուշիի հիվանդանոց։ Այդ մասին վկայել է նաև հիվանդանոցի բուժքույրը։ Իսկ Շուշիից Ստեփանակերտ տեղափոխվելու փաստը հաստատում է Արմեն Ղազարյանի ենթականերից մեկը՝ ոստիկանության Աշոցքի բաժնի ոստիկանը։ Ըստ նրա՝ մեքենայի մեջ խոսել էր վիրավոր ղեկավարի հետ: Հասել էին Ստեփանակերտի հոսպիտալ, իջել մեքենայից, հետո Արմեն Ղազարյանին այլևս ոչ ոք չէր տեսել…
Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանի ընտանիքն ու գործընկերները նրան սպասում են ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան։ Սպասում են հավատով, սպասում են հույսով՝ վստահ, որ նա ողջ է ու վերադառնալու է։