ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ․ ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ոստիկանության զորքերի ծառայող, կրտսեր սերժանտ Հայկ Գևորգյանը ծնվել էր Աշտարակում՝ 1990 թվականին։ Պարտադիր զինվորական ծառայությունից հետո՝ 2013-2014 թվականներին, ծառայել էր զինված ուժերում։ 2016 թվականից ոստիկանության զորքերում էր։ Պատվով ու մեծ պատասխանատվությամբ Տավուշում շուրջ երկու տարի իրականացրել էր մարտական հերթապահություն։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին Արցախի դեմ, ոստիկանության զորքերից հերթափոխով մեկնում էին մասնակցելու պաշտպանական մարտերին։ Հայկ Գևորգյանի վաշտը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, մնացել էր մայրաքաղաքում։ Իսկ օրեր անց Հայկն ու ծառայակից ընկերը՝ Աշոտ Խաչատրյանը, դիմեցին հրամանատարությանը, որ իրենք էլ մեկնեն Արցախ։
«Հոկտեմբերի 28-ին՝ ծառայությունից վերադառնալիս, զանգեց ինձ։ Ասաց՝ արի եկեղեցու մոտ, գնանք մոմ վառենք, վաղը մեկնում եմ Արցախ: Գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք: Փայտից խաչ գնեց, որը Տեր հայրը օրհնեց: Կախեց պարանոցին, որպեսզի իր փրկությունը լինի այդ խաչը…»,-պատմում է կինը՝ Անուշ Շամիրյանը։
Հաջորդ օրը ծառայակից ընկերոջ հետ մեկնեցին Արցախ։ Նախ միացան Քարվաճառում գտնվող ծառայակիցներին, որոնք շուրջ մեկ ամիս մասնակցում էին շրջանի պաշտպանությանը։ Կարճ ժամանակ անց զորախմբով մեկնեցին Շուշի։ Հայկ Գևորգյանը մասնակցեց Շուշիի պաշտպանական թեժ մարտերին:
Հայկական ուժերը Շուշի տանող ճանապարհահատվածում հայտնվեցին թշնամու շրջափակման մեջ։
«Թշնամին դուրս եկավ մեր դիմաց, ու սկսվեց փոխհրաձգություն։ Շատերը զոհվեցին, շատերը վիրավորվեցին, որոնցից մեկն էլ ես էի։ Հայկն այդ ժամանակ ավելի ապահով տեղում լիցքավորում էր պահեստատուփերը, որ կրակի։ Ասացի՝ Հայկ, խփեցին ինձ։ Կարելի է ասել՝ պառկած եկավ, որովհետև կրակում էին։ Ինձ տարավ անվտանգ տեղ»,-հիշում է ծառայակից ընկերը՝ Աշոտ Խաչատրյանը։
Վիրավոր ընկերոջը ապահով վայր հասցնելուց հետո Հայկ Գևորգյանն առաջին օգնություն է ցույց տալիս նրան. գոտիով կապում է թևը, կանգնեցնում արնահոսությունը։
Աշոտ Խաչատրյանը Հայկ Գևորգյանի ցուցաբերած առաջին օգնության շնորհիվ կարողացավ դուրս գալ շրջափակումից, իսկ Հայկը շարունակեց կռվել ու օգնություն ցույց տալ վիրավորներին։
Իսկ օրեր անց ստացվեց բոթը։ Զոհվել էր։
«Երբ վիրավորներին հանել են թշնամու շրջափակումից, ասել են, որ պետք է բոլորը դուրս գան: Իմ տղան ասել է՝ ոչ, մենք այնտեղ 18 տարեկան վիրավորներ ունենք, պետք է նրանց էլ հանենք։ Ինքը հետ է գնացել։ Որ տեսել է՝ վտանգը մեծ է, ընկել է մի երիտասարդ տղայի վրա՝ մահացու հարվածը վերցրելով իր վրա։ Այդ տղայի կյանքը փրկել է.. Հպարտ եմ, թեև ցավս անչափ մեծ է, կորուստս՝ անդառնալի։ Բայց, ամեն դեպքում, էլի հպարտ եմ, որ գոնե իր կյանքի գնով ավելի երիտասարդի կյանք է փրկել ինքը…»,-հուզմունքը զսպելով՝ պատմում է մայրը՝ Կարինե Անանյանը։
Հայկի որդիները՝ Ռուբենն ու Դանիելը, դեռ շատ կլսեն հայրենիքի պաշտպան հոր մասին պատմություններ, որ կռվեց մինչև վերջ, որ իր կյանքով կյանք փրկեց ու փառքով գրեց իր անունը հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հայորդիների շարքում։