ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ․ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Վահե Ղազարյանի անունը կարելի է կարդալ ոչ թե նրա աշխատասենյակի դռան վրա, այլ հանուն հայրենիքի ընկած ոստիկանների Պատվո տախտակին։
Վահե Ղազարյանը ծնունդով Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից էր։ 1996 թվականից համազգեստ է կրել՝ ծառայել բանակում, ռազմական ոստիկանությունում, ոստիկանության տարածքային բաժիններում։
«Հիշում եմ՝ սեպտեմբերի 27-ին եկավ տուն, լուռ նստեց։ Ասացի՝ Վահե ջան, տրամադրությունդ ինչի՞ է ընկած, ի՞նչ է կատարվում։ Ասաց՝ մամ ջան, պատերազմ է սկսել, ու շատ վատ է լինելու։ Ինքն ընդհանրապես լավատես տղա էր: Ասացի՝ ո՞նց վատ։ Ասաց՝ կամ էս կողմ կլինի, կամ էն կողմ, սա վերջն է…», - նշեց Վահե Ղազարյանի մայրը՝ Վարդուհի Էդիլյանը։
Երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը զինվոր է։ Թեև Վահե Ղազարյանը ուներ շատ նպատակներ ու անավարտ գործեր, այդուհանդերձ մեկնեց Արցախ՝ կռվելու հանուն հայրենիքի։
«Տան չորս կողմը քանդեց, ասաց՝ գամ սարքեմ: Չհասցրեց: Շատ դժվար է, անտանելի բան է սա մեզ համար…», - ասաց հայրը՝ Աշոտ Ղազարյանը։
Պահարանում Վահեի համազգեստն է, սեղանին՝ ուսադիրները, իսկ անձնական իրերը՝ հիշատակի անկյունում։
«Նստած էինք մշակույթի տան դահլիճի առաջին շարքում, մի պահ Ղազարյանն ինձ ասաց, Սայան ջան, դու բոլորին ճանաչում ես, մի հատ նայի՝ դրսում շա՞տ մարդ ունենք։ Ասացի՝ Վահե ջան, ինչ իմաստ ունի՝ դրսում են, թե ներսում։ Թե բա՝ չէ, ախպոր պես, նայի։ Դուրս եկա մուտքի մոտ, տեսա մեր մարզի տղաներից մարդ չկա, շրջվեցի, երկու քայլ չէի արել, ու էդ պայթյունը եղավ։ Փրկեց, էլի, իմ կյանքը, իր էդ խոսքով փրկեց…», - ասաց ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։
Հարազատները մահված բոթը դեռ չէին ստացել, երբ չարաբաստիկ պայթյունի օրը հավաքվել էին Գետահովիտ գյուղի նրա սիրելի սրբատեղիում։ Նույն օրը ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը թշնամու արկից զոհվեց Շուշիում...
Շուշիի ճանապարհին զանգել էր տուն, վերջին անգամ որդու՝ Աշոտի հետ էր զրուցել։ Հոր վերջին խոսքերը որդին չի մոռանա երբե՛ք։
«Ասաց՝ գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղան դու ես, լավ կնայես տնեցիներին, կյանքում դուխդ չգցես, ու էլ չզանգեց, կապն ընդհատվեց․․․»,- նշեց որդին՝ Աշոտ Ղազարյանը։
Հավատարիմ ընկեր, պրոֆեսիոնալ ոստիկան, հայրենասեր մարդ։ Այսպես են բնութագրում նրան ընկերներն ու ծառայակիցները՝ Կարեն Սեփխանյանն ու Աշոտ Մխիթարյանը․ «Վահեն շատ բարի մարդ էր, հայրենասեր։ Հուսադրող էր միշտ նրա խոսքը, երբեք չէր հուսալքվում։ Ինչ հանձնարարության որ գնայինք, եթե գիտեինք, որ Վահեն մեզ հետ է, պետք չէր հետ նայել։ Նա թիկունքում պատ էր»։
Վահե Ղազարյանի կինն ու երեխաները հաճախ են նայում նրա լուսանկարները, հիշում խոսքերը, պատգամներն ու խորհուրդները, որոնք միշտ կուղեկցեն նրանց։