Ապօրինի արդյունահանում Բյուրակն գյուղում. Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի բացահայտումը
Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Բյուրակն գյուղի վարչական տարածքում, բազալտի հանքի հատկացված սահմաններից դուրս, իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում:
Օգոստոսի 11-ին համայնքային ոստիկանները ստուգեցին օպերատիվ տվյալը: Տեղում աշխատում էին թրթուրավոր էքսկավատորներ ու տարբեր հաստոցներ: Պարզվեց, որ հատկացված երկուսուկես հեկտար տարածքից դուրս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, առանց թույլտվության և պայմանագրի, արդյունահանում է ծավալել նաև շուրջ 700 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության հողերում՝ պետությանը պատճառելով վնաս, որի չափը պարզվում է:
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: