Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեություն, 2023-2024 թվականներին, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արարատի մարզում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում:
Պարզվել է, որ ընկերությունն ունի 1,44 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից տարածքում, Հրազդան գետի ափին արդյունահանել է մոտ 7 770 խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ, որը Դարբնիկ գյուղում գտնվող տեսակավորման կետից իրացրել շուրջ 46 միլիոն դրամով: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: