Հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի թմրանյութ, թմրամիջոցի վերամշակման «լաբորատորիա». Արաբկիրի ոստիկանների բացահայտումը
Փետրվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները Կորեայի ձորում հետապնդել էին «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա. տեղեկություններ ունեին, որ ուղևորի մոտ թմրանյութ կար: Ստուգման նպատակով մեքենան կանգնեցնելու պահին 38-ամյա ուղևորը, որ Ապագա գյուղի բնակիչ է, փաթեթներ էր նետել: Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին 5 փաթեթ՝ 100 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, իսկ կասկածվողի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: 38-ամյա տղամարդը և տաքսու վարորդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: 38-ամյա տղամարդը ձերբակալվեց։ Արաբկիրի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներին միացան քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ինչպես և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցի տներից մեկը, որտեղ փաստացի բնակվում էր ձերբակալվածը: Իրավապահները հայտնաբերեցին 1 կգ 100 գրամից ավելի սպիտակավուն և 30 գրամից ավելի՝ վարդագույն զանգվածներ, որոնք, ըստ 38-ամյա տղամարդու, մեթամֆետամին ու էքստազի թմրամիջոց էին: Հայտնաբերվեց նաև 70 գրամ այլ զանգված, որը, նախնական տվյալներով, «PVP» տեսակի թմրամիջոց էր:
Իրավապահները հայտնաբերեցին նաև թմրամիջոցի վերամշակման և իրացման համար նախատեսված տարբեր միջոցներ և առարկաներ, այսպես ասած՝ թմրամիջոցի վերամշակման լաբորատորիա: Նշանակվել են փորձաքննություններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: