Հայտնաբերվել են թմրանյութով փաթեթներ. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը
Արաբկիրի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացվեցին մայիսի 17-ին: Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Կոմիտասի պողոտայից բերման ենթարկվեցին վանաձորցի երկու երիտասարդ, երկուսն էլ՝ 21 տարեկան: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց պոլիէթիլենային երեք փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով, նմանատիպ մի փաթեթ էլ մյուսի մոտ կար:
Ըստ օպերատիվ տվյալների` տղաները զբաղված էին վարձու աշխատանքով. «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք էին բերում թմրանյութ և գումարի դիմաց դրանք տեղադրում Արաբկիր վարչական շրջանի տարբեր վայրերում: Տվյալները հաստատվեցին: Պարզվեց նաև, որ այդ օրը նրանք ձեռք են բերել և նախօրոք պայմանավորված տեղերում թաքցրել թմրամիջոցի 16 փաթեթ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արաբկիր վարչական շրջանի տարբեր վայրերում հայտնաբերվեցին պոլիէթիլենով փաթեթավորված մոտ 34 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:
Նշանակվել է փորձաքննություն: Քննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: