Սննդի առաքման ծառայողները յուրացումներ են կատարել. ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետությունում շատ են արագ սննդի պատրաստման կետերը, կան և առաքման ծառայություններ, և քաղաքացին այսօր կարող է պատվիրել սննդի առաքում ինչպես հեռախոսազանգով, այնպես էլ օնլայն` խնայելով ժամանակը: Ընկերություններն աշխատատեղեր են ստեղծում, իսկ որոշ առաքիչներ, պարզվում է, բարեխիղճ աշխատելու փոխարեն չարաշահումներ են թույլ տալիս: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մայրաքաղաքի սննդի առաքման ծառայություններից մեկում յուրացման դեպքեր էին եղել:
Առաջին հաղորդումը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց հոկտեմբերի 1-ին: Սովորաբար առաքիչները աշխատանքային օրվա ավարտին սննդի վաճառքից ստացած հասույթը փոխանցում են ընկերության հաշվեհամարին, իսկ կտրոնը լուսանկարելով` հաշվապահին ուղարկում: Սեպտեմբերի 4-ից 6-ը առաքման ծառայության մատուցողը, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, գումարի փոխանցման կտրոնները կեղծելով` ընկերությանը մոտ 200.000 դրամի վնաս էր պատճառել:
Հետաքննության բաժանմունքում հարուցվեց քրեական գործ: Առաքիչը բաժին հրավիրվեց, տվեց խոստովանական բացատրություն: Թվում էր` մյուսները պետք է հետևություն անեին: Բայց օրեր անց նույն ընկերությունից նոր հաղորդում ստացվեց. հոկտեմբերի 17-ից 22-ը նշված եղանակով մեկ այլ առաքիչ ընկերությանը դարձյալ մոտ 200.000 դրամի նյութական վնաս էր պատճառել: Մեկ ուրիշն էլ հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 11-ը կեղծելով վճարային տերմինալի կտրոնները` 300.000 դրամից ավելի գումար էր յուրացրել: Բանկի կողմից տրամադրած գրության ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ ներկայացված անդորրագրերի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Նոյեմբերի 16-ից 17-ը մեկ այլ առաքիչ էլ, ըստ նույն ըներությունից ստացված հաղորդման, ոչ միայն գումար էր յուրացրել, այլև ընկերության կողմից տրամադրված պայուսակն ու բաճկոնը:
Նշված դեպքերով կասկածվողները հրավիրվել են բաժին և տվել բացատրություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: