Արարատի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը՝ գողը տուժողի հարևանն էր
Նոյեմբերի 30-ին, գիշերվա ժամը 1-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել Արարատ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչը: Նա հայտնել է, որ ժամեր առաջ իր տնից գողություն է կատարվել:
Արարատի քրեական հետախույզները մանրամասն զրույց ունեցան տուժած քաղաքացու հետո, ապա ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և նույն օրը` երեկոյան, գողություն կատարելու կասկածանքով, մայրաքաղաքից բերման ենթարկեցին տուժածի հարևան, 45-ամյա տղամարդուն: Շուտով պարզվեց հանցագործության ողջ մեխանիզմը:
Հարևանը, իմանալով, որ տանը մարդ չկա, փորձել էր տեխնիկական միջոցների կիրառմամբ բացել դուռը, սակայն չէր կարողացել: Այս անհաջողությունը, սակայն, նրան հետ չէր պահել սևեռուն մտքից: Տանտերը սրճաղաց ունի շենքի մոտ, և այդ պահին այնտեղ էր: Մտնելով կրպակ` հարևանն անհիմն վեճ է սարքում նրա հետ, և քաշքշոցի պահին սրճաղացի սեղանիկի տակից հաջողեցնում է վերցնել տան բանալին: Հասնելով տան ննջարան` պահարանում դրված պայուսակից նա գողանում է ոսկյա զարդեր ու փող:
45-ամյա հարևանը ոստիկանությունից ներկայացվել է Վեդիի քննչական բաժին, խոստովանել արարքն ու ձերբակալվել: Գողոնը մասամբ առգրավված է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: