Արմավիրի մարզում 20-ամյա աղջկա են կողոպտել․ Մեծամորի ոստիկանների բացահայտումը
Փետրվարի 21-ին Արմավիրի մարզում կողոպուտի դեպք էր գրանցվել։ Ժամը 20.40-ի սահմաններում 20-ամյա մի աղջիկ Ակնալիճ գյուղից Արմավիր գնալու համար տաքսի էր նստել։ Ճանապարհին՝ կիսաքանդ շինության մոտ, վարորդը նրան իջեցրել էր մեքենայից, վերցրել բաճկոնն ու պայուսակը, որի մեջ անձնագիր, փող, բջջային հեռախոս և այլ իրեր էին։
Կատարվածի մասին ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում ստացվեց, ինչից հետո բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը, որոնք օրեր անց արդյունք տվին։ Նախ պարզվեց մեքենայի մակնիշը, ապա «ՎԱԶ-2107»-ը վարած անձի ինքնությունը։ Տանձուտ գյուղի բնակիչ, 39-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
