Արմավիրի ոստիկանները բնակարաններից և մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել
Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի երկու բնակիչ բնակարանային գողություններ են արել։ Բացահայտման միջոցառումներին միացան բաժնի քրեական հետախույզները։ Կասկածվողները հրավիրվեցին Արմավիրի բաժին, որտեղ պարզվեց հետևյալը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ երիտասարդները վերջին շրջանում միայն իրենց գյուղում մտել էին մի քանի տուն ու գողացել տարբեր չափի գումարներ։ Ընդ որում, գողության պահին տանը մարդիկ էին եղել, սակայն նրանք կա՛մ այգում, կա՛մ տան այլ հատվածում զբաղված էին եղել ինչ-որ աշխատանքով, ուստի չէին նկատել, որ տուն մարդ է մտել։ Բացահայտվել են նաև 7 մեքենայից կատարված գողություն, որոնցից վեցը համագյուղացիների մեքենաներն էին, իսկ մեկը կայանված էր եղել Լուկաշին գյուղի սկզբնամասում։ Մեքենաներից ևս տարբեր չափի գումարներ էին հափշտակվել։ Պարզվել է, որ նրանք կատարել էին նաև այլ գողություններ։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Նախաքննությամբ կպարզվեն ոչ միայն դեպքերի հանգամանքները, այլև յուրաքանչյուր դրվագում յուրաքանչյուրի դերակատարությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: