Արմավիրի ոստիկանները բացահայտել են Նոր Կեսարիա գյուղում կատարված բնակարանային գողությունները
Ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Ավան թաղամասում բնակվող 18-ամյա եղբայրները Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի տներից գողություններ են արել։
Հունիսի 27-ին եղբայրները կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Արմավիրի բաժին։ Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանեցին, որ 2019 թվականի հունիս-հուլիս ամիսներին Նոր Կեսարիա գյուղի տներից մեկի մուտքի կարպետի տակից վերցրած տան բանալիով բացել են տան դուռը ու հափշտակել 375.000 դրամ։
Եղբայրները խոստովանեցին նաև նույն գյուղում իրենց կատարած մի շարք այլ գողություններ։ Տան դռները հիմնականում բացել էին բանալիով, որոնք դրված էին եղել դռների մոտ փռած կարպետների տակ կամ մտել էին բաց պատուհանից։ Գողացել էին փող ու տարբեր իրեր։
Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Արմավիրի քննչական վարչություն՝ նախաքննության։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: