«Armlur.am» լրատվական կայքէջում հրապարակված տեսանյութի հետքերով
«Armlur.am» լրատվական կայքէջում դեկտեմբերի 10-ին հրապարակվել էր «Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, կառավարության դիմաց լարված է» վերտառությամբ տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանության ծառայողները ՀՀ կառավարության շենքի դիմացից բերման են ենթարկում քաղաքացիների։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացած ծառայողական քննության արդյունքներով՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգը խախտելու և ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ չի կիրառվել։ Ոստիկանության ծառայողների գործողություները բխել են «ՀՀ ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջներից և եղել են իրավաչափ, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք։