Արա Ֆիդանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավարին
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Քրեյգ Գոլդշտեյնին:
Շնորհավորելով պարոն Գոլդշտեյնին նշանակման կապակցությամբ՝ Արա Ֆիդանյանը հույս հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը երկու կողմերի միջև ավելի կխորանա՝ ընդգրկելով ոստիկանության գործունեության նոր բնագավառներ:
Նա հատկապես կարևորեց դեսպանության աջակցությունը ոստիկանության որդեգրած բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի ոստիկանության արդիականացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:
Քրեյգ Գոլդշտեյնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին շնորհավորեց Արա Ֆիդանյանին՝ նշանակման կապակցությամբ և ընդգծեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ ոստիկանության համագործակցությունը միշտ եղել է ակտիվ, գործնական և արդյունավետ:
Հանդիպման ընթացքում խոսվեց դեսպանության անվտանգության աշխատակիցների և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների առավել սերտ փոխգործակցության կազմակերպման մասին, նաև քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։