Ոստիկանները բացահայտել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օղու արտադրության ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար գրանցված անհատ ձեռնարկատերը, Ֆինանսների նախարարությունից ձեռք բերելով միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության լիցենզիա, որի տարեկան պետական տուրքը կազմում է 50 հազար դրամ, օրինական գործունեություն ծավալելու փոխարեն, առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող տարեկան 15 միլիոն դրամ արժողությամբ պետական տուրք կազմող՝ խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար հատուկ թույլտվություն ստանալու, Կոտայքի մարզի Զովունի և Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում կազմակերպել և իրականացրել է խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչք հանդիսացող տարբեր ապրանքային նշաններով օղիների արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի ընթացքում նշված արտադրանքը հիմնականում առանց հաշվապահական ձևակերպումների է իրացրել ՀՀ մարզերի, ինչպես և Երևան քաղաքի մի շարք վաճառակետերում, որոնցից ընդհանուր 4496 խմբաքանակը հայտնաբերվել է արտադրամասում և վաճառակետերում։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը, միայն լիցենզիայի մասով, պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 15 միլիոն դրամի վնաս։
Նույն տեղեկությունների հիման վրա նախապատրաստված մեկ այլ նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Երկաթուղայինների թիվ 1 հասցեում գործող ՓԲ ընկերության տնօրինությունը, ունենալով միայն Ֆինանսների նախարարությունից պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության հատուկ թույլտվություն, որի տարեկան պետական տուրքը կազմում է 50 հազար դրամ, սահմանված կարգով օրինական գործունեություն ծավալելու փոխարեն, առանց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող տարեկան 15 միլիոն դրամ արժողությամբ պետտուրք կազմող խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար հատուկ թույլտվություն ստանալու, կազմակերպել և իրականացրել է խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչք հանդիսացող օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի ընթացքում արտադրված օղին իրացվել է ՀՀ մարզերի, ինչպես և Երևան քաղաքի մի շարք վաճառակետերում, որոնցից ընդհանուր 724 խմբաքանակը հայտնաբերվել է արտադրամասում և վաճառակետում։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը, միայն լիցենզիայի մասով, պատճառվել է դարձյալ առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 15 միլիոն դրամի վնաս։
Դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել են քրեական գործեր, որոնք ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: