Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են կանեփի բույսեր և զինամթերք
Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ներքին Դվին գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ իր հողատարածքում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում զենք-զինամթերք:
Օգոստոսի 7-ին Արտաշատի ոստիկանները ստուգման նպատակով մեկնել են Ներքին Դվին: Հողատարածքի զննությամբ հայտնաբերվել է ապօրինի աճեցված կանեփի 11 բույս, որոնք արմատախիլ են արվել և փաթեթավորվել: Հողատարածքի կիսակառույց շինությունից էլ հայտնաբերվել են փամփուշտներ:
Հողատերը հայտնել է, որ կանեփի բույսերը ցանել և մշակել է ինքը` անձնական օգտագործման համար, իսկ փամփուշտները ձեռք էր բերել 1992 թվականին:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: