Ոստիկանությունում տեղի ունեցած հերթական հանդիպման ընթացքում լրագրողներին ներկայացվեց 2014 թ. 9 ամիսներին մտավոր սեփականության ոլորտում կատարված հանցագործությունների ու դրանց դեմ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընդհանուր պատկերը
Հոկտեմբերի 30-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը հանդիպեց լրագրողներին: Նա լրագրողներին ներկայացրեց 2014 թվականի ինն ամիսներին մտավոր սեփականության ոլորտում կատարված հանցագործությունների ու դրանց դեմ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընդհանուր պատկերը:
Այս տարվա ինն ամիսներին մտավոր սեփականության ոլորտում կատարված տասնչորս հանցագործություն է գրանցվել, որոնք բացահայտվել են:
Մտավոր սեփականության տարբեր տեսակներ կան, սակայն, ինչպես նշեց Արթուր Վարդերեսյանը, ոստիկանությունում ավելի հաճախ դիմում-բողոքներ են ստացվում ապրանքային եւ արդյունաբերական նշանների, արտոնագրերի ու հեղինակային իրավունքի խախտումների վերաբերյալ:
Մտավոր սեփականության ոլորտին առնչվող հանցագործությունների վերաբերյալ քրեական օրենսգրքի հոդվածները երեքն են. 158 հոդվածը պատիժ է սահմանում հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու, 159-ը՝ արտոնագրային իրավունքը խախտելու, 197-ը՝ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու համար:
Մեր երկրում ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերն ընդունված են, եւ օրենսդրությունն ընդհանուր առմամբ կարգավորում է մտավոր սեփականություն հանդիսացող օբյեկտների ստեղծման եւ օգտագործման հետ կապված հասարակական հարաբերությունները: Սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոլորտը լիարժեք պաշտպանված չէ. մտավոր սեփականություն հանդիսացող դաշտի շատ ոլորտներում, օրինակ, չեն պահպանվում հեղինակային իրավունքները:
Ոստիկանությունն ակտիվ մասնակցում է մտավոր սեփականության ոլորտում բարեփոխումների գործընթացին՝ իրականացնելով օրենսդրության կատարելագործմանն ու ոստիկանության ծառայողների մասնագիտական հմտությունների բացահայտմանն ուղղված միջոցառումներ: Մտավոր սեփականության ոլորտն առավել պաշտպանված դարձնելու նկատառումով ոստիկանության կողմից մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արդեն քննարկվել է Հայաստանի Հանրապետության պետական-իրավական հարցերով հանձնաժողովում եւ ոստիկանությունում լրամշակվելուց հետո կուղարկվի Ազգային Ժողով:
Արթուր Վարդերեսյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: