Հայտնաբերվել են հերոին ու «կրիստալ». կան կալանավորվածներ
Ապրիլի 21-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Աշտարակ քաղաքի տարբեր վայրերում հայտնաբերել և, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել աշտարակցի 3 տղամարդու։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 ներարկիչ՝ կոդեին և մորֆին թմրամիջոցի հետքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածներից մեկը նույն օրը Երևանի գերեզմանոցներից մեկի տարածքում էր կոդեինն ու մորֆինը ձեռք բերել, ապա Աշտարակ քաղաքում իրացրել մյուս երկուսին։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Հետագա միջոցառումներով պարզվել է նաև աշտարակցուն թմրամիջոցն իրացրած երևանցու ինքնությունը։ Ապրիլի 22-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել է Երևանում ապրող տղամարդու բնակարանը։ Նա իրավապահներին է ներկայացրել բյուրեղանման զանգվածով տարբեր քաշի փաթեթներ, կանեփանման զանգվածներով 4 փաթեթ, շագանակագույն հետքերով բամբակե խծուծ, շագանակագույն փոշենման զանգվածով 5 փաթեթ, մոխրացած հետքերով 2 կաթուցիչ։ Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև թափանցիկ հեղուկով լցված ապակե 25 սրվակ և շագանակագույն հեղուկով ներարկիչ։ Ըստ տանտիրոջ՝ ներկայացրածն ու հայտնաբերվածը «կրիստալ», հերոին և կանեփից պատրաստված թմրամիջոցներ են։
Թմրամիջոց իրացրած տղամարդիկ կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: