ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի ոստիկանները բացահայտեցին գեղեցկության սրահից կատարված գողությունը

17.02.2021 16:05 Գողություն

Փետրվարի 3-ի առավոտյան Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մի բնակիչ ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր տվել, որ գիշերն իր գեղեցկության սրահից գողություն են արել: Կոտրել էին եվրոպատուհանն ու գողացել մազ կտրելու սարքեր, պայուսակներ, օծանելիքի 40 սրվակ, տղամարդու 50 ժամացույց, արծաթյա զարդեր և այլն:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Աշտարակի ոստիկանները սկսեցին բացահայտման աշխատանքը: Արդյունքը ստացվեց 12 օր անց: Բաժնի քրեական հետախույզների ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ փետրվարի 15-ին Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի իր տնից, գողություն կատարելու կասկածանքով, Աշտարակի բաժին բերման ենթարկվեց 26-ամյա մի երիտասարդ:
Ոստիկաններն արդեն տեղյակ էին, որ նա մենակ չէր եղել, որ գործին խառն էր նաև տուժածի համագյուղացիներից մեկը: Հաջորդ օրը բերման ենթարկվեց նաև հանցակիցը` Ոսկեվազ գյուղի բնակիչ, 27-ամյա երիտասարդը:
Ըստ նախնական տվյալների` նրանք գողությունն արել են փետրվարի լույս 3-ի գիշերը։ Գողոնը մայրաքաղաքում վաճառել էին անծանոթ անձանց և ստացված 100 հազար դրամը բաժանել իրար մեջ:
Քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել ակնաշենցի տղային պատկանող վագոն տնակում: Հայտնաբերվել և առգրավվել է գողոնի մի մասը` ժամացույներ, բջջային հեռախոսներ, պայուսակներ և այլն:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: