Մամուլի ասուլիս ոստիկանությունում
Հունիսի 16-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Թեման Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ոստիկանության կողմից իրականացված ու կատարելիք աշխատանքներն էին։ Ողջունելով ներկաներին՝ Արա Ֆիդանյանը նշեց, որ ոստիկանության ծառայությունները պատշաճ կազմակերպելու, իրավախախտումների մշտադիտարկում իրականացնելու նպատակով ոստիկանությունում ձևավորվել են օպերատիվ շտաբ և աշխատանքային ենթախմբեր, ոստիկանության պաշտոնական կայքէջում պարբերաբար տրվում են պարզաբանումներ՝ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների ու լրացումների վերաբերյալ: Ոստիկանության պետի տեղակալը հիշեցրեց, որ քաղաքացիներն իրազեկվել են անձնագրային ծառայությունների աշխատակարգի, աշխատաժամանակի և ընտրացուցակների հետ կապված հարցերի մասին, նաև ոստիկանության ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ընտրություններին մասնակից կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի հետ հանդիպում-քննարկումների վերաբերյալ: Արա Ֆիդանյանը լրագրողներին իրազեկեց, որ մշակվել է «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների» նոր ուղեցույց, և ընտրության ու դրան նախորդող օրը ոստիկանությունում գործելու է շուրջօրյա «Թեժ գիծ» ծառայություն։ Ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց՝ մայիսի 11-ից մինչև քարոզարշավի մեկնարկը ընտրական իրավախախտումների մշտադիտարկման աշխատանքների ընթացքում արձանագրվել է 80 դեպք, որոնցից 45-ին ընթացք է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 35-ը պատահարներ են: Քարոզարշավի մեկնարկից հետո մինչ օրս արձանագրվել է 92 դեպք, որոնցից 56-ին ընթացք է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 36-ը պատահարներ են։ Խոսվեց քարոզչական պաստառների վնասման դեպքերի մասին, որոնք արագ բացահայտվում են: Արա Ֆիդանյանը ընդգծեց նաև, որ բավական արդյունավետ աշխատանք է տարվում ընտրակաշառքի բացահայտման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում լրագրողները ոստիկանության պետի տեղակալին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: