ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Լրագրողների հետ հերթական հանդիպման թեման Հայաստանում արձանագրված կիբեռհանցագործություններն ու դրանց դեմ պայքարն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

18.09.2014 17:22 Միջոցառումներ
Լրագրողների հետ հերթական հանդիպման թեման Հայաստանում  արձանագրված կիբեռհանցագործություններն ու դրանց դեմ պայքարն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ  լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ հանդիպում լրագրողների հետ: Թեման 2013-2014 թթ. Հայաստանում  արձանագրված կիբեռհանցագործություններն ու դրանց դեմ պայքարն էր: 
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Տիգրան Պետրոսյանը նախ ներկայացրեց հանցագործությունների  պատկերն ու ոստիկանության կատարած աշխատանքը: 
 2013-2014 թվականների ընթացքում կիբեռհանցագործության 103 դեպք է գրանցվել, որոնցից 52-ը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության, 9-ը՝ համակարգչային սաբոտաժի, 11-ը՝ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, 8-ը՝ վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու եւ տարածելու դեպքեր են:  Արձանագրվել են նաեւ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ կատարված այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են շորթումը, անառակաբարո գործողությունները, խարդախությունը, պոռնկագրական բնույթի նյութեր տարածելը եւ այլն: 
 Ինչպես ներկայացրեց Տիգրան Պետրոսյանը, կիբեռհանցագործությունները հիմնականում կատարվում են  գործարար նամակագրությանը միջամտելու եւ սիրախաղի միջոցով հափշտակություն կատարելու եղանակներով:  
Գործարար նամակագրությանը միջամտելու դեպքերում հանցավորը հասանելիություն է ստանում տարբեր երկրներում գտնվող գործարարների էլեկտրոնային նամակագրության բովանդակությանը, ստեղծում է նրանց էլեկտրոնային փոստի հասցեների նմանակները եւ նրանց փոխարեն վարելով  նամակագրությունը՝ տրամադրում է իր բանկային հաշիվը, եւ գործարքի  գումարը փաստացի փոխանցվում է իր հաշվին: 
Սիրախաղի միջոցով հափշտակության դեպքերում հանցավորը սոցիալական ցանցերում ընտրելով զոհին՝ սիրախաղ է սկսում հետը եւ ինչ-որ պահի հայտնում, որ թանկարժեք ծանրոց է ուղարկել նրան: Այնուհետեւ կապ է հաստատում իբր մաքսային մարմնի ներկայացուցիչը եւ հաստատելով, որ զոհի անունով թանկարժեք ծանրոց  է առաքել, դրա մաքսազերծման համար պահանջում է փոխանցել որոշակի գումար:
Տիգրան Պետրոսյանը նաեւ ներկայացրեց ոստիկանության  կողմից պարբերաբար իրականացվող կանխարգելիչ միջոցառումները եւ պատասխանեց  լրագրողների հարցերին: