Մամուլի ասուլիս՝ անչափահասների շրջանում թմրանյութերի հնարավոր տարածվածության և կանխարգելիչ միջոցառումների մասին
Մայիսի 20-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ՆԳՆ ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Էդգար Պետրոսյանի և Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանի մամուլի ասուլիսը։
Էդգար Պետրոսյանն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի․ կանխարգելիչ միջոցառումներ․ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ունի անդրազգային բնույթ և դրա դեմ պայքարն իրականացվում է համապարփակ ռազմավարությամբ՝ ընդգրկելով պետական, հանրային և կրթական համակարգերի համագործակցությունը։
Զգայունություն․ թեմայի շրջանակում որևէ տեղեկություն տարածելիս անհրաժեշտ է ցուցաբերել զգոնություն, որպեսզի այն չդառնա անչափահասների շրջանում թմրամիջոցների անուղղակի գովազդ։
Դպրոցներում ներդրվող անվտանգային համակարգ․ այն ներառում է ոչ միայն անցակետեր, այլև ցանկապատում, լուսավորություն, տեսախցիկների տեղադրում (ներսում և դրսում), ինչպես նաև անվտանգության աշխատակիցների ներգրավում՝ ըստ անհրաժեշտության։
Իրազեկում․ ծնողների և մանկավարժների հետ աշխատանք՝ ընդգծելով խնդրի լուծման համատեքստում իրավապահ մարմինների և դպրոցական միջավայրի, ընտանիքի զգոն և ակտիվ մասնակցության կարևորությունը։
Հովհաննես Համբարյանը ներկայացրել է վիճակագրություն՝ նշելով, որ 2024 թվականի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ապօրինի թմրաշրջանառության հետ կապված 3639 հանցագործություն, մինչդեռ 2023 թվականին այդ թիվը եղել է 5070, այսինքն, արձանագրվել է նվազում՝ 1431 դեպքով։
Համբարյանը նշել է նաև, որ մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տեղափոխման դեպքերը զգալիորեն աճել են։ Եթե 2023 թվականին այդպիսի 210 դեպք է արձանագրվել, ապա 2024-ին՝ արդեն 444։ Ըստ նրա՝ սա վկայում է, որ սահմանին մեծ խմբաքանակների մուտքի հայտնաբերումն ու կանխումը հետագայում նվազեցնում է դրանց ներքին տարածման ռիսկը։