Ոստիկանները բացահայտել են ավազակության դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Ահազանգած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Խորենացու փողոցում դիմակավորված երկու անձ զենքի սպառնալիքով իրենից վերցրել են դրամապանակն ու փախել։
Տուժողի նշած վայր մեկնեց Էրեբունու ոստիկանության հերթապահ օպերատիվ խումբը։ Կինը վախեցած ու շփոթված էր։ Նա հրավիրվեց ոստիկանության բաժին և դեպքի վերաբերյալ հաղորդում տվեց։
Ըստ տուժողի՝ ժամը 23-ի սահմաններում, երբ տուն գնալիս է եղել, «Ռոսիա» կինոթատրոնի հետնամասում՝ Խուրենացու 2-րդ փակուղում, հասկացել է, որ երկու անծանոթ հետևում են իրեն։ Քայլն արագացրել է, իսկ անծանոթները վազել են իր կողմը՝ ճամփան կտրել են։ Դիմակավորված անծանոթներից մեկի ձեռքին ատրճանակ է նկատել։ Սպառնացել ու հափշտակել են դրամապանակը, որի մեջ 500 եվրո, 80 հազար դրամ էր ։ Դրամապանկը վերցրել ու փախել էին, իսկ ինքը ոստիկանություն էր զանգել։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ ավազակության հատկանիշներով։
Ոստիկաններն անմիջապես լծվեցին հանցագործությունն արագ բացահայտելու գործին։ Դիմակավորված անձանց ինքնությունը պարզելու և նրանց «տաք հետքերով» հայտնաբերելու համար ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ գործեցին։
Առավել արդյունավետ գործելու համար կազմվեցին առանձին օպերատիվ խմբեր։ Գործի դրվեց ոստիկանության օպերատիվ գործունեության գրեթե ողջ զինանոցը։ Ձեռնարկվեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ։ Շուրջօրյա հետևողական աշխատանքի արդյունքում, շուտով, հաջողվեց գտնել ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետքը։
Փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները նրանց հայտնաբերեցին Գրիգոր Լուսավորչի փողոցում և ավազակություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին։
Վրաստանի Նինոծմինդա շրջանի բնակիչներ՝ 20-ամյա Երջանիկ Ծառուկյանն ու 19-ամյա Թաթուլ Պապոյանն էին։
Հյուրանոցի նրանց կացարանի խուզարկությամբ հայտնաբերվեցին հանցագործության գործիք խաղալիք ատրճանակն ու ծալովի դանակներ։
Հափշտակված դրամապանակը նույնպես հայտնաբերվել է ։
Երջանիկ Ծառուկյանն ու Թաթուլ Պապոյանը ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: