Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և երթևեկության հապաղումները նվազեցնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ամենօրյա ռեժիմով գործնական քայլեր ձեռնարկել։ Այս համատեքստում ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության բաժնի ծառայողները օրերս մի շարք աշխատանքներ են կատարել։ Համապատասխան ուսումնասիրություններից հետո չկարգավորվող հետիոտնային անցումներից առաջ տեղադրվել են, այսպես ասած՝ աղմուկային շերտեր։ Երբ դրանց վրայով մեքենաներ են անցնում, անիվների հետ շփումից աղմուկ է առաջանում, ինչը զգոնացնում է վարորդներին՝ հուշելով, որ առջևում հետիոտնային անցում կամ վտանգավոր հատված կա։ Արդեն 50-ից ավելի հետիոտնային անցումներից առաջ տեղադրվել են աղմուկային շերտեր։ Նման շերտեր տեղադրվել են նաև ճանապարհների այն հատվածներում, որտեղ, ըստ ուսումնասիրությունների և վերլուծությունների, հաճախ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Ճանապարհային երթևեկության անվտանգության առումով պակաս կարևոր չէ լուսացույցերի տեսանելիությունը։ Այս առումով ևս տարվում է ամենօրյա աշխատանք։ Վերջին 6 ամսվա ընթացքում մայրաքաղաքի 20-ից ավելի խաչմերուկներում լուսացույցերը ճանապարհի աջ մասից տեղափոխվել են կենտրոն, ինչն արվում է կա՛մ ճոպանների, կա՛մ մետաղական կոնստրուկցիաների միջոցով։ Մի առանձին խնդիր են երթևեկության հապաղումները, որոնք նվազեցնելու առումով ևս ամենօրյա ուսումնասիրություններ և գործնական քայլեր են ձեռնարկվում։ Օրերս Գայի պողոտայի և Աճառյան փողոցի լուսացույցերի աշխատանքը նորից կոորդինացվել է և ձևավորվել է, այսպես ասած՝ «կանաչ ալիք»՝ ինչպես Մաշտոցի պողոտայում։ Ճանապարհային ոստիկանությունը ամենօրյա ռեժիմով շարունակում է ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված աշխատանքների կատարումը։