Ախուրյանի ոստիկանները բացահայտել են տարիներ առաջ կատարված ավազակությունը
2019 թվականի դեկտեմբերի 24-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մի բնակիչ մարմնական վնասվածքներով դիմել էր բժշկական կենտրոն։ Իրավապահներին նա հայտնել էր, որ Երևան-Գյումրի ճանապարհին՝ Բենիամին գյուղի մոտակայքում, ինչ-որ մեկը կանգնեցրել էր իր մեքենան, հարվածներ հասցրել, սուր-կտրող-ծակող գործիքով սպառնացել, ինչից հետո ինքն այդ անձին տվել էր 200 հազար դրամ։
Ոստիկանության Ախուրյանի բաժնում հարուցվել էր քրեական գործ։ Տևական ժամանակ ձեռնարկվում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, սակայն՝ ապարդյուն։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի ու Ախուրյանի բաժինների ծառայողների հետևողական միջոցառումների արդյունքում ավազակությունը բացահայտվեց։ Հունվարի 13-ին պարզվեց, որ հանցագործությունն արել է Գյումրիի 27-ամյա մի բնակիչ։ Նա կասկածանքով բերման ենթարկվեց ու խոստովանեց տարիներ առաջ կատարածը։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: