Աշակերտները՝ համայնքային ոստիկաններ․ ինտերակտիվ և գործնական տարրերով հագեցած ճանաչողական այց Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժին

Ծառայությունը Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում մայիսի 8-ին սովորականից էականորեն տարբերվում էր։ Աշակերտների իրավագիտակցության բարձրացման և պետական կառույցների գործունեությանը ծանոթանալու նպատակով բաժինը վերածվել էր ուսումնական հարթակի:
«Ջերմուկի կրթահամալիրի» շուրջ 30 աշակերտ, տնօրինության ներկայացուցիչների ուղեկցությամբ, մասնակցում էին մասնագիտական կողմնորոշմանը միտված ինտերակտիվ և գործնական տարրերով հագեցած միջոցառմանը՝ մեկ օրով իրենց փորձելով ոստիկանի դերում։
Դպրոցականները կրեցին համազգեստ, ծանոթացան բաժնի տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև ուսումնասիրեցին հատուկ միջոցների կիրառման առանձնահատկություններին։
«Ստանձնելով» ոստիկանության տարբեր պաշտոններ՝ հերթապահ տեսուչից մինչև բաժնի պետ, աշակերտները տեղում խաղարկեցին ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ ահազանգի պայմանական սցենար։ Ստանալով ահազանգ՝ նրանք ձևավորեցին օպերատիվ խումբ, մեկնեցին դեպքի վայր, սահմանազատեցին տարածքն ու իրականացրին որոնողական գործողություններ՝ հայտնաբերելով մուլյաժային պայուսակում «տեղադրված» զենք-զինամթերքը։
Միջոցառման ավարտին դպրոցականներն ու ոստիկանները հարգանքի տուրք մատուցեցին զոհված և անհետ կորած զինվորների հիշատակին։
Նմանօրինակ միջոցառումները միտված են ամրապնդելու դպրոց-հասարակություն-ոստիկանություն կապը՝ միաժամանակ նպաստելով նոր սերնդի քաղաքացիական ու մասնագիտական գիտակցության ձևավորմանը։