Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ Քրեական ոստիկանության հերթական բացահայտումը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում:
Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 29-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր 17 կգ 230 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: 86 գրամից ավելի մարիուխանա հայտնաբերվեց նաև մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում բնակվող 43-ամյա տղամարդու տանը։
Երևանի Լուկաշինի փողոցի բնակիչ 27-ամյա երիտասարդի տանը բացի մարիխուանայից հայտնաբերվեց նաև մեթամֆետամինի նմանվող զանգվածով զիպ փականով փաթեթ։
Եվս երկու անձի բնակության վայրերում հայտնաբերվել են փամփուշտներ ու հոգեմետ դեղահաբեր:
Երեք անձ կալանավորվել է:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: