Օտարերկրացին, բացի մոտը եղած 5 փաթեթից, ցույց է տվել ևս 15 փաթեթ թմրանյութի տեղերը. Երևան քրեական ոստիկանների բացահայտումը

Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 21-ին: Երեկոյան ժամը իննի սահմաններում Արտաշատի խճուղում նրանք ձերբակալեցին փաստացի Երևանում բնակվող օտարերկրացի 28-ամյա երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 5 փաթեթ` ընդհանուր 6,5 գրամ կոկաինի նմանվող զանգվածով: Ըստ օտարերկրացու` հայտնաբերվածը թմրամիջոց է, որն ինքը վերցրել է մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրելու համար:
Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության շրջանակներում ձերբակալվածը Երևանի տարբեր վայրերում մատնացույց է արել արդեն իսկ տեղադրած նույնատիպ 15 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 17,4 գրամ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: