ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանային գողություն Ձորաղբյուրում. Գառնիի ոստիկանների բացահայտումը

02.11.2021 18:16 Գողություն

Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի մի ամառանոցից գողություն են արել: Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Գառնիի բաժանմունք: Օպերատիվ խումբը մեկնեց Ձորաղբյուր: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները պարզեցին, որ հոկտեմբերի 20-ից 28-ն ընկած ժամանակահատվածում կոտրել էին ամառանոցի պատուհանն ու դուռը և տունը տակնուվրա անելուց հետո գողացել հագուստ:
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:
Գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները հաղորդումից երեք օր անց տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Երիտասարդության փողոցի 23-ամյա մի բնակիչ:
Նոյեմբերի 1-ին կասկածվողը մայրաքաղաքից բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացվել նախաքննական մարմնին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: