Բնակարանային գողություններ Կոտայքի մարզում․ խումբը հայտնաբերվել ու ձերբակալվել է
Սեպտեմբերի 12-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ջրվեժի իր տնից գողություն են արել։ Հափշտակել էին տարբեր ապրանքներ։
Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում իրականացրել էր անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Բնակարանային գողությունների վերաբերյալ գրեթե ամեն ամիս ստացվում էին ահազանգեր։ Գողություններ էին անում Ջրվեժի, Առինջի և Ավանի առանձնատներից։
«Դեպքերի վայրերի զննությամբ հիմնավոր կասկածներ առաջացան, որ հանցագործությունները կատարվել են նույն խմբի կողմից։ Շարունակեցինք միջոցառումները՝ կասկածյալների ինքնությունը պարզելու ուղղությամբ»,-նշեց ոստիկանության Կոտայքի բաժնի օպերլիազոր Գևորգ Մարգարյանը։
Ահազանգողները հայտնում էին, որ տներից հափշտակում են հիմնականում ջեռուցման կաթսաներ, մարտկոցներ, շինարարական ու աշխատանքային գործիքներ, այլ պարագաներ։ Բացահայտման աշխատանքների շրջանակում ոստիկանության Գառնիի բաժանմունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին հանցագործությունը կատարողների վերաբերյալ։ Իրավապահների օպերատիվ հետախուզական միջացառումներն ու քննչական գործողությունները արդյունք տվեցին դեկտեմբերի սկզբին։
«Պարզեցինք, որ բնակարանային գողություններ կատարողները հանցագործության վայրեր էին գնում նույն մեքենայով։ Որոշ դեպքերում մեքենային փակցնում էին կեղծ համարանիշեր, որոշ դեպքերում էլ մեքենան վարում էին առանց համարանիշերի»,-նշեց ոստիկանության Կոտայքի բաժնի օպերլիազոր Գևորգ Մարգարյանը։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները համագործակցեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ։ Օպերատիվ տվյալներ ստացվեցին նաև, որ խումբը դեկտեմբերի 25-ին պլանավորել է գողություն անել Պտղնիի ամառանոցներից։ Ոստիկանների միջոցառումների մասին մանրամասներ ներկայացրեց ոստիկանության Կոտայքի բաժնի օպերլիազոր Գևորգ Մարգարյանը։ «Մի քանի օպերատիվ խմբերով դարանակալեցինք Պտղնիի ամառանոցների տարբեր հատվածներում։ Ժամը 2-ի սահմաններում մեքենան հայտնվեց մեր տեսադաշտում։ Նրանք շրջեցին ամառանոցների տարածքում և ուղևորվեցին դեպի մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան։ Վարչական շրջանի խաչմերուկներից մեկում հարկադրաբար կանգնեցրինք մեքենան և, գողություններ կատարելու կասկածանքով, երկու անձի՝ մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցինք ոստիկանության Կոտայքի բաժին»։
Բերման ենթարկվելուց հետո Երևանի 24 և 25 տարեկան երկու բնակիչները ձերբակալվեցին։ Ոստիկանությունում նրանք խոստովանեցին, որ վերջին մի քանի ամիսներին Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր և Ավանի Դուրյան թաղամասի սեփական տներից կատարել են շուրջ 11 գողություն։
Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: