Բնակարանային գողության մեջ կասկածվողն արդեն կալանավոր էր
Սեպտեմբերի 23-ին, ժամը 16.55-ին, ոստիկանություն էր զանգահարել Փարաքար գյուղի 59-ամյա մի բնակիչ և հայտնել, թե հարևանի տան կողպեքը և պատուհանը կոտրած է, տունն էլ՝ խառնշտորած:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ցերեկը, օգտվելով տանտերերի բացակայությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են դարպասի մետաղյա կախովի փականը, բացել խոհանոցի պատուհանը և հյուրասենյակի պահարանից գողացել 450 հազար դրամի ոսկյա զարդեր:
Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Վաղարշապատի ոստիկանության և քննչական բաժինների ծառայողների համալիր աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ նշված հանցագործությունը կատարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, այժմ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր 44-ամյա տղամարդը: Նոյեմբերի 20-ին նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: