Տնից ոսկեղենը գողացողը տուժողի ազգականն էր․ Կումայրիի քրեական հետախույզների բացահայտումը
Փետրվարի 20-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Դեպքի վայրը Գյումրու Մանուշյան փողոցում էր։ Մեկնած օպերատիվ-քննչական խմբերին ահազանգողը հայտնեց, որ մի քանի օր տանը չեն եղել, ու հենց այդ ընթացքում էլ գողացել են իրենց ոսկեղենը։ Դռան փականը վնասված չէր։ Հենց այս հանգամանքն էլ բացահայտման գործում ուղենշային դարձավ։ Կումայրիի քրեական հետախույզները օրեր տևած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ և փետրվարի 23-ին բացահայտեցին հանցագործությունը։ Նրանք փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բնակարանային գողությունը կատարել է տուժողի ազգականը։ Նախնական տվյալներով՝ 28-ամյա երիտասարդը նախապես դռան բանալու կրկնօրինակ էր սարքել տվել, իսկ երբ իմացել էր, որ տանը մարդ չկա, փետրվարի 15-ին գողացել էր ոսկեղենը։ Փետրվարի 23-ին երիտասարդը հայտնաբերվեց, կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ փետրվարի 16-ին ոսկեղենը 2500 դոլարով Երևանում վաճառել էր։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: