Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները շարունակում են ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։ Նրանք հունվարի լույս 31-ի գիշերը ստուգել են Վանաձորի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու վարած «ՖՈՐԴ» մակնիշի մեքենան և հայտնաբերել մոտ 3 խորանարդ մետր փայտանյութ։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ փայտանյութը պատկանում է նրա բարեկամին, որը հունվարի 24-ին Եղեգնուտ գյուղի անտառից ապօրինի հատել էր կանգուն ծառեր։ Գուգարքի ոստիկանները, իրացնելով ապօրինի ծառահատումների վերաբերյալ ստացած այլ տեղեկություններ, ստուգել են նաև «ՎԱԶ-2121» և «ՈՒԱԶ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք, ինչպես պարզվեց, բեռնված էին ապօրինի փայտանյութով։ Պարզվել է, որ «Նիվայի» վարորդը Վահագնաձոր գյուղի անտառից էր երկու ծառ ապօրինի հատել, իսկ «ՈԻԱԶ-ի» վարորդը՝ Փամբակ գյուղի անտառից։ Բացի այդ, «ՈՒԱԶ-ի վարորդը օրեր առաջ հատած ծառերից պատրաստած փայտանյութի մի մասն արդեն տեղափոխել էր բակ։ Հայտնաբերված փայտանյութը հանձնվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: