Չարբախի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպքեր են բացահայտել
Օրերս ոստիկանության Չարբախի բաժանմունքի և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով բացահայտվեց թմրաշրջանառության շղթա։
Մարտի 6-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ նույն բաժանմունքի և Շենգավիթի բաժնի ոստիկանները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արտաշատի խճուղուց ոստիկանություն բերման ենթարկեցին մայրաքաղաքի 24-ամյա մի բնակչի։
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված։ Պարզվեց, որ երիտասարդը հայտնաբերվածը 3000 դրամով ձեռք էր բերել մի տղամարդուց։ Եվ դա առաջին անգամ չէր։
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ոստիկանները պարզեցին նաև իրացնողի ինքնությունը։
Թմրամիջոց իրացնելու կասկածանքով Գարեգին Նժդեհի փողոցից ոստիկանություն բերման ենթարկվեց 55-ամյա մի տղամարդ՝ իր «Օպել» մեքենայով հանդերձ։ Ոստիկանությունում նա տվեց խոստովանական բացատրություն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց նրա մեքենայում։ Հայտնաբերվեց դեղնականաչավուն թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա ձերբակալվեց։
Համալիր միջոցառումները շարունակվեցին, և ոստիկանները պարզեցին, որ 55-ամյա տղամարդը թմրամիջոցը գնում է Այգեստանի մի բնակչից, որը կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց դեղնականաչավուն թմրամիջոցի նմանվող զանգված։ Բերման ենթարկվածը տվեց խոստովանական բացատրություն և ձերբակալվեց։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: