Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդների
Թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկներն իրացրին համատեղ: Հունիսի 16-ին` ժամը 8.40-ին, «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նրանք ձերբակալեցին Աբովյան քաղաքի 34 և Եղվարդ քաղաքի 33 տարեկան երկու բնակչի: Աբովյանցի երիտասարդին պատկանող «Մերսեդեսի» սրահում և մեքենայի մոտ կար պլաստիկ երկու անոթ: Դեպքի վայրում իրականացվեց պահպանություն, իսկ երիտասարդները տեղափոխվեցին Չարենցավանի բաժին:
Աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր ավելի քան 22 գրամ բյուրեղանման դեղին զանգվածներով 5 անոթ և կարմիր ու կապույտ ժապավեններով 12 փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածներով:
Եղվարդցու խուզարկությամբ հայտնաբերվեց երկու հաբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հունիսի 17-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Մերսեդեսի» սրահում հայտնաբերվել է կարմիր և կապույտ ժապավեններով 9 փաթեթ և բյուրեղանման դեղին զանգվածով մեկ անոթ:
Նշանակվել է փորձաքննություն:
Երկուսն էլ ձերբակալված են, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: