Փորձել էին խանութից գողություն անել, Դավիթաշենի ոստիկանները բռնել էին
Ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողները հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով վարչական տարածքներում պարբերաբար շրջայցեր են կատարում, ինչը իրավապահներին հաճախ հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հանցանքի վայրում:
Մարտի 18-ին Դավիթաշենում այդպես էլ եղել էր: Ժամը 4-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում ստացվեց, որ վարչական տարածքի խանութներից մեկից
կարծես գողություն են անում: Անհրաժեշտ էր արագ և օպերատիվ գործել, ու հերթապահն այդպես էլ վարվել էր: Ահազանգի մասին տվյալները փոխանցել էր վարչական տարածքում շրջայց իրականացնող կարգախմբերին` հայտնելով, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասի խանութներից մեկից պատրաստվում են գողություն անել: Իրավապահներն էլ անմիջապես մեկնել էին նշված հասցե և նկատելով կասկածելի երկու երիտասարդի, գողության փորձ կատարելու կասկածանքով, նրանց բերման էին ենթարկել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Բաժանմունքում իրավապահները պարզեցին նրանց ինքնությունը. 18-ամյա երիտասարդներից մեկը Դավիթաշենի 1-ին թաղամասի բնակիչ է, մյուսը` Միկոյան փողոցի:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: