Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում տվյալներ էին ստացվել, որ Ոսկեվազ գյուղի 35-ամյա և 39-ամյա բնակիչները ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են թմրամիջոց։
Ստացված տվյալներն իրացնելիս նախ ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց 35-ամյա տղամարդը: Նա իրավապահներին հայտնեց, որ օգտագործում է մարիխուանա: Քիչ անց ձերբակալվեց և իր վարած «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեց նաև 39-ամյա տղամարդը։
Նա իրավապահներին հայտնեց, որ տանն ու ավտոմեքենայի սրահում պահում է մարիխուանա, որն անձամբ օգտագործում է։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Ոսկեվազցի 39-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով 14 փաթեթ ՝ ընդհանուր մոտ 45 գրամ քաշով, մոխրացած հետքերով երկու կաթուցիչ, նաև` չորս փամփուշտ ու գազային մեկ ատրճանակ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: