Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են գողություն և գողության փորձ
Մարտի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգած քաղաքացին հայտնեց, որ գիշերը Էջմիածնի Պռոշյան փողոցի իր տան դիմաց կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայից գողացել են մարտկոցը:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն մեկ այլ գողության, ավելի ճիշտ` փորձի վերաբերյալ: Մարտի 9-ի առավոտյան ժամը 6-ին 26 և 48 տարեկան երկու տղամարդ Էջմիածնի Մանուշյան փողոցում գործիքով բացել էին ծաղկի սրահի դուռը և փորձել գողություն կատարել, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չհասցրած դիմել էին փախուստի:
Հետագա միջոցառումներով պարզվեց տղամարդկանց ինքնությունը. մեկը 26 տարեկան էր, առանց մշտական բնակության վայրի, մյուսը` 48 տարեկան երևանցի:
Նույն օրը երևանցին հայտնաբերվեց մայրաքաղաքի Չարենցի փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այստեղ նա խոստովանեց, որ գողության փորձն ու մեքենայից գողությունը կատարել են իրենք, և գողացված մարտկոցն էլ իրենց տանն է:
Հաջորդ օրը հայտնաբերվեց նաև 26-ամյա երիտասարդը: Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: