Լոռու մարզի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ չորս տղամարդ, մեկը` Երևանի, երեքը` Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բնակիչ, Վանաձորում վարձակալած տանն ապօրինի պահում են թմրանյութ, և պատրաստվում են այն օգտագործել:
Հոկտեմբերի 13-ի ցերեկն իրավապահները մեկնեցին Վանաձորի Թումանյան փողոցի բնակարան: Տղամարդիկ չժխտեցին, որ տանը կա մեֆեդրոն տեսակի թմրանյութ, ինչը ձեռք են բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով` անձնական օգտագործման համար:
Տունը վերցվեց հսկողության տակ, իսկ տղամարդիկ ձերբակալվեցին ու ներկայացվեցին վարչություն:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ բնակարանում հայտնաբերվեց արդեն օգտագործման համար պատրաստ դեղնականաչավուն երկու գրամ հեղուկով ներարկիչ, իսկ սառնարանում` մեֆեդրոն:
Չորսն էլ ձերբակալված են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: