Մի խումբ դպրոցականներ այցելել են Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին

Մայիսի 15-ին Եղիշե Չարենցի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, տնօրինության և ուսուցչական կազմի ուղեկցությամբ, «Մասնագիտական կողմնորոշում» առարկայի շրջանակում ճանաչողական այց են կատարել Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։
Այցի նպատակն էր աշակերտներին հանգամանալից ծանոթացնել համայնքային ոստիկանների և պարեկների ծառայության առանձնահատկություններին։ Աշակերտները շրջել են բաժնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և անմիջական շփում ունեցել ոստիկանների հետ։
Այցի շրջանակներում տեղի է ունեցել քննարկում։ Դպրոցականները հնչեցրել են իրենց հետաքրքող տարաբնույթ հարցեր, ինչպես ոստիկանության առօրյա գործունեության, այնպես էլ իրավապահ համակարգում կարիերա կառուցելու հնարավորությունների և պահանջների վերաբերյալ։
Այցը ոգևորիչ է եղել հատկապես այն աշակերտների շրջանում, որոնք հետաքրքրված են իրավապահ գործունեությամբ և ցանկություն ունեն հետագայում ծառայելու ոստիկանությունում։
Նմանօրինակ հանդիպումները նպաստում են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, իրավագիտակցության բարձրացմանը և ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը։