«Երկաթուղային տրանսպորտն ու անվտանգության կանոնները» թեմայով դասընթացներ դպրոցներում
Դեկտեմբերի 22-ին և 23-ին ոստիկանության և Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ փոխհամագործակցության շրջանակներում Էրեբունի, Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների այն դպրոցներում, որոնք տեղակայված են երկաթուղային ենթակառուցվածքներին մոտ, անցկացվեցին ուսուցողական կանխարգելիչ դասընթացներ։ Միջոցառմանը մասնակցում էին ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության, Երևան քաղաքի վարչության ենթակա տարածքային բաժինների անչափահասների գործերով մասնագիտացված բաժանմունքների ծառայողները և Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ անվտանգության աշխատակիցները։
Դասընթացների ժամանակ աշակերտներին ներկայացվեցին երկաթուղային տրանսպորտից օգտվելու կարգը և երկաթուղային տրանսպորտի տարածքում անվտանգության կանոնները։ Խոսվեց երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտներում իրավախախտումների հետևանքով հնարավոր աղետալի հետևանքների և նման դեպքերում օրենքի առջև պատասխանատվության մասին։
Հանդիպումներն անցան հարց ու պատասխանների միջոցով։
Դասընթացների ավարտին աշակերտներին տրամադրվեցին «Հուշաթերթեր»՝ երկաթուղային տրանսպորտի տարածքում գտնվելու անվտանգության կանոնների վերաբերյալ։
Նմանօրինակ միջոցառումներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։